1. Թանգարանների գիշեր
2011թ. մայիսի 14-ին անցկացվեց "Թանգարանների գիշեր" միջոցառումը: Այն ուներ "Գրավոր հիշողություն" խորագիրը և նվիրված էր հայ մեծ պատմաբան Ն. Ադոնցի գրավոր ժառանգությանը, նրա ծննդյան 140-ամյակին:
Թանգարանը կազմակերպել էր անվճար այցելություն` ժամը 18-24-ը:
Թանգարանի ցուցադրությունը դիտել և տարբեր միջոցառումների մասնակից է դարձել 600 այցելու:
Իր ընտանիքով թանգարանների գիշերվա մասնակից է դարձել Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանը` թանգարանի կոլեկտիվին նվիրելով ծաղիկներ, իսկ թանգարանին DVD նվագարկիչ:
Թանգարանների գիշերը Ադոնցների տանը, Բռնակոթում Հյուրասիրություն թանգարանում
2. Ադոնցյան օրեր
"Ադոնցյան օրեր" միջոցառումը 2011թ. մարտի 26-ին անցկացվեց Սիսիանի Դարբաս գյուղում: Այն նվիրված էր հայ նշանավոր պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Ն.Ադոնցի ծննդյան 140-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են Դարբասի, Շամբի և Շենաթաղի դպրոցների շուրջ 100 դպրոցական: Եվս 40 մասնակից Դարբաս էր հասել Սիսիան քաղաքից: Միջոցառումը սկսվեց գյուղի սրբ. Ստեփանոս եկեղեցու զանգերի ղողանջով, ժամերգությամբ և մոմավառությամբ, ապա ներկաները այցելեցին դեռ վերանորոգման ընթացքի մեջ գտնվող գյուղի նորակառույց թանգարան-պատկերասրահը: Հիմնական միջոցառումն անցկացվեց Դարբասի միջն. դպրոցի դահլիճում, ուր Սիսիանի թանգարանի և դպրոցի սովորողների համատեղ ուժերով գեղեցիկ ցուցադրություն էր ձևավորվել: Ներկայացվել է Ն.Ադոնցի "Տիգրան Մեծ" գիրքը, ցուցադրվել համանուն ֆիլմը: Միջոցառմանը մասնակցել են մեծ պատմաբանի ծննդավայր Բռնակոթի միջն. դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի Դ. Ասրյանի ղեկավարությամբ, որոնք հանդես են եկել հետաքրքիր ծրագրով: Միջոցառմանը մասնակիցներին նվիրվել են Ադոնցի գրքերից, մեկ օրինակ ֆիլմից, բուկլետներ, լուսանկարներ: Դպրոցականները հանպատրաստից ներկայացրեցին այն ամենը, ինչ գիտեին Ադոնցի և Տիգրան Մեծի մասին: Հաղթողը նվեր է ստացել "Սիսիանի օրանժ" գրասենյակի տնօրեն տկն. Լ.Վարդանյանի նվիրած բջջային հեռախոսը:
"Ադոնցյան օրեր" - նրանք լսում են իրենց մեծ հայրենակցի մասին:
… նաև բուկլետներն են հետաքրքրում:
Միջոցառման երկրորդ հատվածը` կազմակերպված հատկապես բարձր դասարանցիների համար, նվիրված էր Զանգեզուրի գոյամարտի 90-ամյակին: Թանգարանի տնօրեն Ծ. Պետրոսյանը կարդացել է զեկուցում` "Սիսիանը 1918-21թթ գոյամարտի տարիներին" թեմայով:
Միջոցառման արդյունքում դպրոցականները պիտի գրեն շարադրություն հայրենասիրության թեմայով, որի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին կազմակերպվելիք "Հացի տոնին":
Դարբասի դպրոցի տնօրեն Վ. Օհանյանը, սրբ. Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր-Երվանդը շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր օրվա համար` ցանկություն հայտնելով, որ նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն:
Սիսիանից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Դարբասում "Ադոնցյան օրերի" կազմակերպումը նպատակ ուներ Ձորերի ենթաշրջանի երեխաներին մասնակից դարձնել մշակութային կյանքին: Ամենատարբեր պատճառներով այստեղ գտնվող վեց գյուղերի դպրոցականները գրեթե դադարել են թանգարան հաճախել:
|