Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը համանուն տարածաշրջանի կենտրոնն է: Սիսիանի բնակելի թաղամասերից հայտնաբերված հնագիտական նյութը թույլ է տալիս այն թվագրել առնվազն միջին բրոնզե դար: Մեր օրերի քաղաքի վրա իշխում է 6-րդ դարի կառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ անխաթար պահպանված եկեղեցին: Քաղաքն ունի 16.150 բնակիչ(2018թ.): Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը: Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993թ. ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ: 1997 թվին թանգարանում սեփական ցուցանմուշներով դրվել է առաջին ցուցադրությունը: Թանգարանը տեղակայված է 1937թ. կառուցված, 1988-ին հիմնավերակառուցված շենքում: Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ: Թանգարանը գործում է ՀՀ մշակույթի նախարարության կազմում, համարվում է ՀՀ մարզերում գործող լավագույն թանգարաններից: